Рубрика: Uncategorized

Շողակաթ եկեղեցի

Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694թ-ին։

Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, թե Շողակաթ եկեղեցին կառուցվել է VI-VIIդդ. շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։

Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (IVդ.) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են IV-Vդդ.: