Рубрика: Uncategorized

 

2

Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել:

Ով լսում էր, հանկարծակիի եկած, Մամփրեի տան կողմն էր նայում. այնպես թե տունը հրդեհվել է, հետո տեսնում էր՝ տունը խաղաղ ծխում է, դառնում ծիծաղում էր,— խելռել է Մամփրեն։

Իսկ ով մուտք ու ելք ուներ Մամփրեի տունը, գնում-տեսնում էր. Մամփրեն՝ խելքը տեղը, շատ լուրջ, շատ զգաստ և շատ գործնական կուրծքն ի վար մեկնված է հատակին, դիմացը՝ այբբենարանը, դիմացը՝ տետրեր, ձեռքին կարմիր մատիտ և գլխավերևում, որպես ուսուցիչ թոռնուհին։

— Ասա ա։

— Ա՜յբ:

— Դմբո, այբ չէ, ա՜,— և խփում է գլխին։

— Աղջի, կամաց զարկ, իմ գլուխն է կցավա։ Ա՜:

— Մեծատառ Ա։

— Մեծտառ Ա։

— Մեծտառ չէ, դմբո, մեծատառ,— և խփում է գլխին։

— Կամաց զարկ, ձգուկ։ Մեծատառ Ա։

— Դե գրիր մեծատառ Ա։

Եվ Մամփրեն մատիտը երկար թքոտում է։

— Դմբո, մատիտը մի թքոտիր։

— Թող արա թրջեմ, որ գիրն լավ երևա, ձգուկ։

— Դրա համար էլ, ասում եմ, սև մատիտով գրիր։

— Չէ, ձգուկ, սուրբ Մաշտոցի գրերն հարկ է որ գրվեն կարմիրով։ Ասա ինչո՞ւ, քանզի սուրբ Մաշտոցը գրերն իր սրտից է հանել ի լույս։

— Լռությո՛ւն։

— Համբերե զիմ խոսքն ավարտիմ, ձգուկ, համբերե։ Ուրեմ, սուրբ Մաշտոցի գրեր կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Իմացա՞ր։

— Ուսուցիչը ե՞ս եմ, թե դու։ Դե գրիր մեծատառ Ա։ Հո չե՞ս մոռացել։

— Չէ, ձգուկ, չէ, մոռանալու բան չէ. ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա։ Պատկերն իմ աչաց դեմն է, հըմը…

— Էլ ի՞նչ հըմը, գրիր։

— Մի զարկե, ձգուկ, համբերե, համբերե, քու դալար թևերն են իմ ուսերին, համբերե։

— Ոչ մի համբերել, վատ եմ նշանակում։

— Կխնդրեմ համբերես, ձգուկ, կգրեմ։ Կգրեմ, ձգուկ, հըմը մատիտն է փոքրիկ։ Մատիտն է փոքրիկ, ու իմ մատներն էս պստիկ-պստլիկ մատիտ չեն բռնի։ Քու հորն ասա, թող մեծ ու հաստ մատիտ բերի։ Մեծ ու հաստ ու կարմիր։

— Հիմա գրո՞ւմ ես, թե՞ վատ նշանակեմ։

— Կգրեմ, ձգուկ, կգրեմ։— Եվ Մամփրեն նորից ու երկար թքոտում է մատիտը և, կուրծքն ի վար մեկնված հատակին, լարված սկսում է։— Ըըը՜… էսպես…

— Շատ մի երկարիր։

— Թող երկար էղնի, ձգուկ, մեծտառ է։ Մեծատառ է ու… ու առուն ինչքան երկար, էնքան աղեկ ու էնքան գեղեցիկ ու բարին մեծ։ Աայ՜յ, էսպես։

— Լավ։ Երեք եմ նշանակում։ Կկրկնես, կարգին կսովորես մինչև գամ։ Զանգը տրված է։

Եվ թոռնուհին զանգուլակը ծլնգացնում է պապի գլխին, իսկ Մամփրեն տնքալով ոտքի է ելնում։

Յա՜… Հարևանը, ժպիտը դեմքին, անկյունում նստած է։ Ե՞րբ է հայտնվել: Ինչո՞ւ է եկել և ինչ է ուզում։

— Գրասենյակ չերթա՞նք, Մամփրե։

— Չէ, ջանմ… Գրասենյակ։

Մամփրեի խելքն էր շատ, որ աշունքվանից-գարուն գրասենյակից դուրս չէր գալիս։ Պրծա՜վ։ Այլևս՝ ոչ մի գրասենյակ։ Թող պարապ-սարապները գնան՝ ծխեն ու դատարկ խոսեն, խոսեն ու ծխեն և խեղդվեն իրենց ծխի մեջ։ Մամփրեն կարևոր գործ ունի, նպատակ ունի, Մարաթուկին տված ուխտ ու պայման ունի Մամփրեն. մինչև սուրբ Մաշտոցի գրերը չսովորի, ոտք չի դնի գյուղամեջ։ Վերջ։ Եվ… և խնդրում է, որ չխանգարեն իրեն։ Այդքան բան։

Բայց էլի գալիս էին, երբեմն նաև նրանք, ովքեր ընդհանրապես մուտք ու ելք չէին ունեցել Մամփրեի տանը։ Պարզապես հետաքրքիր էր. Մամփրեն ինչպե՞ս է սերտում ու գրում տառերը, ասում են միշտ կուրծքն ի վար մեկնված է, ոչ թե սեղանի մոտ նստած, այլ հատակին պառկած, և թոռնուհին հա խփում է գլխին ու սովորեցնում։ Եվ գալիս էին ի տես։

Բայց մի օր Մամփրեն կատաղեց։ Սի ջահել էր եկել և սուսուփուս, աննկատ նստել անկյունում, իսկ Մամփրեն այդ օրը սովորում էր մի տառ, որը իրեն դուր չէր գալիս։ Պետք է սովորեր ճիշտ արտասանել և վարժ գրել Թ-ն։ Իսկ տառը նրան դուր չէր գալիս, հատկապես Թ-ի կտիչը։ Այն, որ այդ տառը շիտակ առվակների սկզբունքից, կարծես, դուրս է. կարճ ու երկար, բայց միշտ շիտակ ու գեղեցիկ առուների պատկերը կարծես խախտում է. դա դեռ ոչինչ, պատահում է նաև առու, որ մի տեղ լճանում է, բայց -Թ-ի կտիչը ուղղակի կատաղեցնում էր նրան։ Եվ սկզբում, նույնիսկ այդ տառը սովորելուց ուզեց հրաժարվել. այդքան տառերի մեջ մեկն էլ թող չիմանա։ Բայց թոռնուհին հարցը կտրուկ դրեց՝ կամ պետք է սովորի, կամ ինքը ընդհանրապես հրաժարվելու է ուսուցչությունից։ Եվ Մամփրեն համաձայնեց գրել Թ-ն, բայց առանց կտիչի։ Իսկ թոռնուհին բամփում ու ստիպում էր։ Իսկ երբ Մամփրեն աչքերը մոտիկ-մոտիկացրեց այբբենարանի Թ-ի էջին, զննեց և նկատեց, որ… օհո՜ո, Մամփրեն նկատեց, որ այբբենարանում Թ-ի գլխին նկարված է նաև Դ-ն և… և, ի՞նչ, Սասունցի Դավթի նկարը… Այո, այո՝ Սասունցի Դավիթը։ Ահա՝ հեծած է Քուռկիկ Ջալալին և Կայծակ թուրը թափով ետ է բերել ու թռցրել Թ-ի կտիչը։ Հենց այդպես։ Նկատեց և շուռ եկավ ու, առը-հա, թոռանը, աշակերտած շաբաթների ընթացքում՝ առաջին անգամ։ Բամփեց և թոռնուհու աչքն ու ճակատը բերեց-կպցրեց այբբենարանի բաց էջին.

— Քու աչքերն լեն բաց ու տես, տես՝ Դավիթն, Սասնո Դավիթն նմանապես էդ չարանուն տառի կտիչի հետ համաձայն չէ։ Համաձայն չէ ու, տես-տես, Թուրկեծակին քաշել ու, առը-հա, կտիչին։ Տես, տես։

— Դմբո,— թոռը պոկվեց պապի ձեռքից և սովոր թաթով բամփեց։— Դմբո, դա նկար է։

— Նկար է, հըմը ո՞ւմ նկարն է։ Տես, տես։— Եվ թոռան գլուխը նորից կպցրեց այբբենարանի բաց էջին։— Տես։

Այս ծեծկռտուքի վրա անկյունում նստած ջահելը փռթկաց, և Մամփրեն հերսոտ ոտքի ելավ…

Ո՞ւմ տղան էր, ո՞ւմ՝ թոռն էր, Մամփրեն չիմացավ, բայց ձեռնափայտով հասցրեց արանքը ճղող ջահելի թիկունքին և հայհոյելով ու ձեռնափայտը թափ տալով՝ դուրս ելավ։

Ուշ աշնան թուխպ օր էր, էլի անձրև էր մաղում, և բակը թաց էր։

Մամփրեն ձեռնափայտը թափ տվեց ջահելի ետևից և դարձավ, հայհոյելով (ջահելը կարծում էր, թե Մամփրե պապը իրեն է հայհոյում), հայհոյելով ցեխի մեջ գծեց անդուր տառը, կտիչր երկար քաշեց և տրորեց,— քու կտիչ…,— տրորեց, հայհոյեց ու տրորեց։ Մամփրեն ցեխի մեջ գծեց տառը, կտիչը երկար քաշեց և կայծակ թուրը, որ ձեռնափայտն էր, վրա բերեց,— քու կտիչ…,— և թռցրեց կտիչը, Մամփրեն ցեխերի մեջ նկարեց տառը և տրորեց կտիչը և զարկեց–թռցրեց կտիչը և հայհոյեց և հայհոյեց և հայհոյեց…

Ջահելը ճամփեզրին կանգնած նայում էր փրփրած ծերունուն և արդեն գիտեր, որ նրա հերսն ու հայհոյանքը իր հետ կապ չունեն։ Եվ այնքան վարակիչ էր ծերունու կիրքը, որ ջահելը որոշեց գնալ և նրա հետ ոտքի տակ առնել տառի կտիչը:

Բայց Մամփրեն ձեռնափայտով նորից քշեց նրան։

Այդ օրն ի հետ, այլևս ոչ մեկը չայցելեց Մամփրեին։

Եվ կամաց-կամաց, ձմռան հետ, մոռացան նրան։ Թե հարսանիքների ժամանակ կամ տխրության (այդ ձմռան Մամփրեի համերկրացի Փողփուչ Մելոն վախճանվեց) հիշեցին, հիշեցին ժպտալով,— ձմեռ է. փոթորիկ է մտել Մամփրեի գլուխը, գարնան հետ դուրս կգա։

 Հարցեր և առաջադրանքներ`

  1. Ինչպե՞ս էր նկարագրում Մամփրեն Ա տառը:

Մամփրեն  ա տառը նկարագրում էր այբ ձևով

  1. Ո՞ր տառը չէր սիրում Մամփրեն. ինչո՞ւ:

Չէր սիրում Թ տառը որովհետև  թ տառի պոչիկը դժվար էր և նրան դուր չէր գալիս.

  1. Պատմիր քո սիրած և չսիրած տառերի մասին:

Իմ սիրած տառը Ա տառն է որովհետև նա այբուբենի առաջին տառն է և իմ անվան առաջին տառն է: Իմ չսիրած տառն է թ տառը որովհետև նա ինձ հիշեցնում է իմ թշնամուն:

  1. Դուրս գրիր հատուկ անունները

Մամփրե , տեր Հարություն, Մելո,Դավիթ, Քուռկիկ Ջալալի, Մաշտոց , Օհան:

Դուրս գրիր 6 հատ բաղադրյալ բառ` նշելով բառի տեսակը:

 

Рубрика: Uncategorized

ՀՀ տարածքում գտնվող հրաբուխներ

ՀՀ տարածքում գտնվող հրաբուխներ

Անուն Բարձրություն Տեղադրություն Վերջին ժայթքում
Աժդահակ 3598 մ. Գեղարքունիք մ. թ. ա. 1900
Արագած 4090 մ. Արագածոտն Հոլոցեն
Գոգի 3120 մ. Վայոց Ձոր մ. թ. ա. 2000
Ծղուկ 3581 մ. Սյունիք մ. թ. ա. 3000
Փորակ 2800 մ. Գեղարքունիք մ. թ. ա. 778