Рубрика: Uncategorized

Արամ Խաչատրյան

Հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Խա­չատրյանի ստեղծագործությունները ծանոթ են բոլոր ազգերին, դրանք հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում: Դժվար թե գտնվի մեկը, ով չի լսել Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակու­թյունները նկատվել են շատ վաղ հասակում, սակայն նոտաները նա սովորել է 19 տարեկանում:

Դա 1922 թվականն էր, երբ ապագա մեծ երաժիշտն ընդունվում է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան): Դրա հետ միաժամանակ նա սովորում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում: Սակայն երաժշտությունն ավելի է գրավում Խաչատրյանին. նա շատ կարճ ժամանակում դառնում է ուսումնարանի լավագույն սաներից մեկը և հնարավորություն ստանում համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճներում: Շուտով նա ընդունվում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա:

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները արդեն համա­մարդկային արժեք են. նրա «Գայանե», «Սպարտակ» բալետները բեմադրվել և բեմադրվում են աշխարհի շատ երկրներում: Հայտնի են նաև կոմպոզիտորի սիմֆոնիաները, կոնցերտները և այլ երաժշտական ստեղծագործությունները: Խաչատրյանը բարձր էր գնահատում նաև երաժշտության դերը կինոյում: Նա գտնում էր, որ լավ երաժշտությունը նպաստում է ֆիլմի գաղափարի ամբողջական ընկալմանը: Հենց այս սկզբունքով էլ նա գրել է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների երաժշտությունը:

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների): Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում կադոյի հետ: Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «կադոն լուրջ հիվանդացել է» պիեսը’ նվիրված շանը:

Արամ Խաչատրյանի վաստակը մեծ գնահատականի է արժանացել. նրա անու­նը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, դաշնակահարների և կոմ­պոզիտորների ամենամյա մրցույթը։ Նրա անունով փողոց կա Երևանում, իսկ արձանը կանգնեցված է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց: