- Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
- Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
- Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։