Լեզու
Սովետահայ ճանաչված արձակագիր Մաթևոս Դարբինյանի «Վերջինը» վեպում կարդում ենք. «Ժողովրդի մեջ մի դարձվածք կա՝ «գլուխ բերել…»։ Եթե որևէ մկը շատ է պարծենում ու հոխորտում, նրան ասում են՝ «գլո՞ւխ ես բերել, ի՞նչ է….» Այսինքն՝ արարքդ ի՞նչ է, թշնամու գլուխ հո չե՞ս բերել։ Սա հավանորեն կապ ունի հնադարյան այն սովորության հետ, երբ պատերազմից վերադարձողի համար մեծ պատիվ էր, եթե թշնամու գլուխը բերում էր իր հետ և ի ցույց հանում ամենքին»։
Գլուխ բերել այժմ իրոք տարածված դարձվածք է, որ գործ է ածվում «հաջողեցնել, հաջող ավարտի հասցնել» փոխաբերական իմաստով։ Սակայն այս արտահայտությունը ինչպես իրավացիորեն նկատում է Մ. Դարբինյանը, հեռավոր հեթանոսական շրջանում ունեցել է միանգամայն բառացի իմաստ։
… Մ.թ.ա. 53-ին Արտաշատում բեմադրվում էր Հայոց Տիգրան Բ (Տիգրան Մեծ) արքայից արքայի (մ.թ.ա. 96/95-55) որդի Արտավազդ Բ-ի (55-31) հունարեն մի ողբերգությունը ( ի դեպ, հայ թատրոնի սկզբնավորումը հաշվվում է այդ տարուց)։ Ահա այս ողբերգության մեջ մի դրվագ է եղել, որի ժամանակ բեմ է բերվել պարտված թշնամու գլուխը, ի նշան մեծ հաղթության։ Եվ ճիշտ այդ ներկայացման ժամաակ դերասանը բեմ է բերել ոչ թե բուտաֆորային, այլ իսկական կտրված գլուխ՝ հռոմեացի եռապետ ու զորավար, Սպարտակի հերոսական ապստամբության դահիճ Մա՛րկուս Լիցի՛նուս Կրա՛սուսի (մարկոս Լիկինոս Կրասոս, մ.թ.ա. 115-53) գլուխը. զորավարը պարտություն էր կրել ու սպանվել հայկական հողի վրա…
Այդպես մեր օրերում լեզուների մեջ տարածված շատ դարձվածքներ հեռավոր հեթանոսական, ավելի վաղ՝ վայրենության, բարբարոսության շրջաններում գործածական են եղել իրենց բառացի նշանակությամբ, իբրև վկայություններ ժամանակի բարքերի և սովորությունների։ Այդպիսի մի արտահայտություն է, օրինակ, մեկի արյունը խմել , որ այժմ նշանակում է մեկի նկատմամբ խոր ոխ ու թշնամանք տածելով՝ սպաանել (կամ մահացու վնաս հասցնել)»։ Իսկ հազարամյակներ առաջ այս արտահայտությունը ևս, գլուխ բերել—ի պես, բառացի է հասկացվել։ Սրա հիման վրա են կազմվել փոխաբերական իմաստով գործածվող արնախում= արյունարբու բառերը՝ «դաժան սպանության ծարավի (մարդ)»։
Այս տեսակետից նայելու դեպքում դժվար չի լինի պատկերացնել, թե ինչ սովորությունների ու բարքերի հետքեր են պահել իրենց ծալքերում մեկի միսն ուտել կամ իրար միս ուտել, մեկի գլուխն ուտել դարձվածքները, որոնք համապատասխանաբար նշանակում են՝ «թշնամաբար մեկին չարաչար հալածել», «իրար հետ տևական թշնամանքի ու գզվռտոցի մեջ լինել», «մեկի մահվան կամ կործանման պատճառ դառնալ» (վերջին դարձվածքի հիման վրա էլ կազմվել է ժողովրդական գլխակեր արտահայտությունը)։
Խոր հնադարում թշնամուն վերջնականապես հաղթած լինելու նշան էր մարդկանց (կամ բնակավայրը) այրելն ու մոխիրը քամուն տալը, տեղանքը հիմնահատակ կործանելն ու արտի վերածելը։ Դրա համար էլ այժմ մեկի մոխիրը քամուն տալ , մի գյուղ կամ քաղաք կամ տուն քանդել, տեղը կորեկ ցանել դարձվածքները հենց նշանակում են «մեկին կամ մի բնակավայր գլխովին ոչնչացնել»։
Երբ մարդիկ մեծ վշտի մեջ էին լինում, հատկապես սգակիր կանայք, իրենց գլխին մոխիր կամ հող էին ածում, մազերը փետում, ծնկները ծեծում։ Եվ ահա, իբրև դարձվածքներ, ընդգծված արտահայտությունները նշանակում են «մեծապես մորմոքել, կսկծալ»։ Սրանց ավելացրեք հողը գլխիս, ինչ հող տամ գլխիս ու նման ժողովրդական արտահայտությունները։
Ցավալի է, իհարկե, բայց պատմականորեն իրական։ Ուստի մենք էլ, ընթերցո՛ղ, երբ առիթն ունենանք վերևում նշված դարձվածքներից մեկնումեկը լսելու կամ գործածելու, ուղեղի մի անկյունում մի պահ վերականգնենք բարեբախտաբար հեռավոր անցյալ դարձած այն տխուր ժամանակները, երբ դրանք բառացի, դաժան բովանդակություն ունեին։
Առաջադրանքներ
- Տեքստում քանի՞ դարձվածք կա։
Գլուխ բերել, Արյունը խմել, Իրար միս ուտել, Մոխիրը քամուն տալ, Տուն քանդել, Գլխին մոխիր լցնել։
- Գտիր բուտաֆոր, դահիճ, մորմոքել, կսկծալ, դրվագ բառերի բացատրությունները։
Բուտաֆոր- Բեմահարդար
Դահիճ- Գլխատիչ
Մորմոքել- Ցավեցնել
Կսկծալ- Մղկտալ
Դրվագ- Հյուսված՝ քանդակված՝ ամրացված զարդ
- Գրիր տարածված, քամուն, երբ, ժողովրդական բառերի քերականական հատկանիշները։
Տարածված- հարակատար դերբայ, կրավորական սեռ, ե խոնարհում
Քամուն- գոյական, եզակի թիվ, տրական հոլով, ու արտաքին
Երբ- ստորադասական շաղկապ
Ժողովրդական- հարաբերական ածական
- Դարձվածքներ գրիր, որոնց ծագումը նույնպես կարող է ժամանակին բառացի նշանակությունը լինել։