Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Անմոռանալի օր Ջանֆիդայում

Կարծում եմ՝ այս ճամփորդությունը կլինի ամենահիշարժաններից մեկը․․․

Մայիսի 12-ին Մայր դպրոցի բակից շարժվեցինք դեպի Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ։ Ճանապարհը տևեց մոտ մեկ ժամ, բայց այն ավելի արագ և աննկատ անցավ, քանի որ ընթացքում միասին զրուցում և երգում էինք։ Հասնելուն պես, մեզ ջերմ դիմավորեցին գյուղի դպրոցի ուսուցիչները, ուղեկցեցին և ներկայացրեցին Ջանֆիդայի միջնակարգ դպրոցը։ Մուտքի մոտ կար «Փառքի սրահ», որտեղ 44-օրյա (ոչ միայն) պատերազմի հերոսների նկարներն էին, ովքեր ծնունդով Ջանֆիդայից էին։ Մեզ միացան նաև ավագ դասարանների սովորողները, որոնց հետ միասին հավաքվեցինք մի դասասենյակում, նաև մեզ միացավ դպրոցի տնօրենը՝ Հակոբ Սրեյանը, այլ ուսուցիչներ։ Սկզբում մենք՝ սեբաստացիներս ներկայացանք, ներկայացրինք մեր կրթահամալիրը, Ավագ դպրոցը, այն, թե ինչպես են մեզ մոտ անցնում ուսումնական պարապմունքները, ինչպես կարող է ցանկացած հետաքրքրված պատանի ընդունվել մեր դպրոց։ Պարոն Սրեյանը և դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Ղարիբյանը խոսեցին գյուղի պատմության, բնակիչների պատմական աշխարհագրության, գյուղի «Ջանֆիդա» անվան ծագման մասին։ Այնուհետև մի փոքր շրջայց կատարեցինք դպրոցում, իսկ հետո բակում՝ սիրուն ծիրանենիների տակ միասին երգեցինք-պարեցինք։ Այս ամենից հետո քայլեցինք գյուղում, ծանոթացանք-շփվեցինք տեղի բնակիչների հետ։ Դպրոցին կից գտնվում է նոր վերակառուցված մանկապարտեզը, որտեղ նույնպես մտանք, ասեմ, որ բավական լավ պայմաններում են երեխաներն անցկացնում իրենց առօրյան, այնտեղ շատ հաճելի մթնոլորտ էր։ Այստեղից քայլեցինք դեպի գյուղի կենտրոն, եղանք Սուրբ Կարապետ եկեղեցում, որը հիմնադրվել է 2014 թվականին, մոմ վառեցինք, աղոթեցինք, երգեցինք հոգևոր երգեր։ Այստեղ որոշվեց, որ տղաները ֆուտբոլ են խաղում դաշտում։ Մինչ տղաները խաղում էին, մենք շփվեցինք աղջիկների հետ և միասին սկսեցինք ջերմ զրուցել։ Միասին խոսեցինք իրենց ապագա մասնագիտությունների մասին, այնուհետև՝ հոբբիների և այլ հետաքրքրությունների մասին։ Շատ հետաքրքիր էր նման զրույց ունենալը, քանի որ կյանքում չէի շփվել գյուղի բնակիչների, մանավանդ իմ տարիքի պատանիների հետ։ Խոսեցինք և չնկատեցինք, թե ինչպես ժամանակն անցավ։ Այստեղից միասին քայլեցինք դպրոց, որտեղ դպրոցի ուսուցիչները մեզ համար հյուրասիրություն էին պատրաստել։ Մեզ միացավ պարոն Սրեյանը, մենք հայտնեցինք մեր շնորհակալական խոսքերը, իրենք՝ իրենցը, քանի որ նրանց գյուղը բավական անհայտ էր և մեզ պես մարդիկ առաջին անգամ էին այցելում իրենց։ Առանց հրավերքի մենք չէինք կարող վերադառնալ, ուստի առաջարկեցինք, որ սկսենք միասին բարեկամա-ընկերական կամուրջ կառուցել, հետևաբար մենք նրանց մեծ սիրով ու հաճույքով սպասում ենք մեր կրթահամալիրում։
Միմյանց հրաժեշտ տալով վերադարձանք Երևան՝ առաջիկայում հանդիպելու ակնկալիքով և սպասումով․․․

Հետաքրքիր, բուռն էմոցիաներով, զրույցներով լի ճամփորդություն էր, ինչ խոսք։ Շնորհակալ եմ Ջանֆիդայի դպրոցի ուսուցիչներին և սովորողներին՝ նման ընդունելության համար, նաև ընկեր Վարդանին, որ մեզ համար այսպիսի հետաքրքիր ճամփորդություն է կազմակերպել։

Ֆոտոշարք՝