Մհերը եղել է Սանասարի և Դեղձուն-Ծամի կրտսեր որդին՝ Օհանի և Վերգոյի եղբայրը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Երբ արդեն Մհերը չափահաս է դառնում, նա տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որից էլ ծագում է Առյուծաձև Մհեր կոչումը: Տարիներ անց Մհերը դառնում է չափահաս և գալիս է ամուսնանալու ժամանակը։ Նրա ավագ եղբայրը՝ Օհանը և նրա քեռին՝ Թորոսը գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դև թագավորի գերության մեջ։ Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում։ Նրա հայրը կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ ծառացել էր Եգիպտոսի խնդիրը։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։
Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում է՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։