Рубрика: Խաչատուր Աբովյան

ԷՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

Գնա՛, իմ խեղճ գիրք՝ գնա՛ մարդամեջ.

Գլուխդ քաշ քցի՛ր, մի՛ նեղանար հեչ։
Անկաջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր,
Ինչ ասեն, խոսին, տա՛ր ու համբերի՛ր։
Ճամփորթի գլխին շատ փորձանք կգա։
Անձրև, ձին, կարկուտ՝ հազիր համեշա։
Դուման ու կայծակ, շոք, բուք ու կրակ
Ամեն տեղ կըլին, ամեն ժամանակ։
Էսպես բանիցը ով շուտ վախենա,
Ու ճամփի կիսիցն վեր կենա, եդ գա,
Ոչինչ չի շահվիլ, դարդակ կմնա։
Փորձանքից՝ մարդը՝ լավ չի՝ նեղանա։
Ի՞նչ ես դարդ անում, որ վրեդ խոսին,
Յա քեզ ծաղր անեն, յա աչքից քցեն։
Ամենի սրտին դուր գալ չի ըլիլ.
Ամենի խաթրը ո՞վ կարա առնիլ։
Աշխարքի բերանն ջվալի բերան։
Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն։
Հալբաթ մեկ օր էլ արև դուրս կգա,
Էն վախտն կիմանան, թե ուզածդ ի՞նչ ա։
Գնա՛, աստված քեզ բարի ճամփա տա,
Ում տուն էլ մտնիս, բարով տո՛ւր, գնա՛։
Մտքումդ պահի՛ր էն վաղի առակն,
Որ չանես քեզ էլ, ինձ էլ խայտառակ։
Որ մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ
Դուս էկավ, գնաց, աշխարք տեսնի, եդ
Էլ իր տունը գա։ Ինքն իշի նստեց,
Սնգսնգալով՝ նա որդին առաջ քցեց։
Ճամփորթի մեկը էս տեսավ, ասեց։
Ի՞նչպես հեր ա նա, որ որդուն թողել
Ոտով, լիտր ու կես՝ ինքն իշին բազմել։
Ասածը ծերը լսեց, վեր եկավ,
Որդուն նստացրեց, ինքն առաջ ընկավ։
Մեկն էլ էն կողմիցն՝ իր զուռնեն փչեց։
«Երկուսդ էլ նստիք, ի՞նչ բան ա էդ մեծ»։
Սրան էլ լսեց լողլող հալևորն.
Ոտներն ճոլոլակ էն մեծ միրքավորն։
Հեր ու որդի որ իշի վրա բազմած՝
Չմտան քաղաքն, էլ մարդ չի մնաց,
Որ մատով նրանց ցույց չի տա՝ հանկարծ։
Բեղ, միրուք՝ բոլորն լավ սղալելով,
Ծափ տվին քամակիցն, վրեն ծիծաղելով։
Խղճի որ ճարը կտրվեց, վեր էկավ,
Իշի ոտները կապեց, մեկ փեդ լավ
Միջովն անց կացրեց, մեկ տուտն իր ուսին
Մեկը իր որդու՝ դրեց քամակին։
Քար ու ձոր բերան, ու աչք բաց արին։
Ճարն որ կտրվեց, ի՞նչ պետք է աներ,
Սիրտը չտարավ աշխարքի բաներ։
Հազար ուշունց ու անեծք կարթալով,
Էշը վեր առավ, քցեց ջուրն՝ լալով։
Գետի ղրաղին կանգնած՝ սուք արեց՝
«Լիս դառնա հոգիդ՝ ա՛յ իմ էշ»՝ ասեց։
«Ի՞նչ կըլեր, տանից չէինք դուրս էկել,
Ո՛չ ուրիշի լսել, ո՛չ մեր տունն քանդել։
Ինձ տեսնողը՝ թող՝ իր գլուխը լա,
Ուրըշի դնչին հեչ մտիկ չտա»։–
Ամենի խոսքին ականջ դնողը
Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը։
Ով լայաղ չանի, քեզ վերցնի, կարթա,
Թո՛ղ իր շնորքը պահի, մոտ չգա։
Քա՛ր ու չոլ ընկնիլ ի՞նչ մեկ մեծ բան ա,
Խոր խոր խոսալուցն ո՞վ ինչ կիմանա,
Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,
Թե չէ փուչ՝ քամին կառնի, կտանի։

Реклама
Рубрика: Խաչատուր Աբովյան

Հատված 1-ին

 

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով…

 

 Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

 

 

Հատված 2-րդ

 

Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:

Ցնծա՛, զվարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճվեա՛ց, զվարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան:

Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զվարճալից ուռճասցի՛ն, ծաղկեսցի՛ն. ընձյուղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարավորս, սերմանիս բյուրավորս՝ ի կերակուր իմ սերնդոց, ի ցնծություն իմ զավակաց, ի վայելչություն իմ ազանց դյուցազանց:

Հրազդա՛ն, գեղեցի՛կդ իմ Հրազդան:

 

Հատված 3-րդ

 Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

Ո՞վ քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, քաղցրամոք ժպիտիվ ողջույն տվեց, քո համն առավ, քո ջուրը խմեց, քո ծաղիկներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ երկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, քերովբեական լեզվով գոչյաց.

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛:

Рубрика: Խաչատուր Աբովյան

Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին

Արժեր առանց հիշողության չթողնել Երևանի դպրոցի տեսչի գալուստը: Ամառն է, հուլիսի տժտժան շոգերն են, բայց մենք սովորում ենք: Կրակ էլ որ թափվեր երկնքից, Շաբոն (այսպես էր կոչում ռամկությունը մեր վարժապետ Շապուհին) մեզ արձակողը չէր: Գոնե պարապմունքը պակասացներ.-ոչ, Շապուհի համար ամառ- ձմեռ չկար: Ձմեռներն «Ամենափրկիչ» կոչված եկեղեցու արևելա-հյուսիսային խարխուլ ավերակումն էր փոշեխեղդ անում մեզ, ամառը` նույն եկեղեցու հյուսիսային պատի երկարությամբը, կամ արևմտյան բակի տերևաշատ նալբանդենի, կամ չինարի կոչված թեղի ծառի հովանու ներքևն էր քրտնքախաշ անելով, վաղ առավոտից մինչև ուշ երեկոն, հոգիներս հանում, դաս տալիս: Մոռացա ասել, որ իր գալստյան առաջին ձմեռը, «Ռուբ» մականվանյալ Ղափանցոնց Ստեփանի գոմի օդումն էր թրքահոտությունը մեզ խեղդում: Զուգադիպությանն ենք պարտական, որ այն դժոխքից ազատվեցինք: Դեպքն աննշան է, բայց ծիծաղաշարժ լինելու պատճառով պատմելն աղալի և արժան է: Չամչյանի քերականության վերա ենք, հոլովում ենք «Գետ, գետո, գետով»: Ողորմածիկ «Ռուբ» Ստեփանը նստել է մի անկողնում և ապշած լսում է: Մեկել, միամտաբար, Շապուհ վարժապետը հրամայում է մեկին հոլովել «Ռուբ», որ նշանակում է մաթ, բաքմազ, խաղողի օշարակ: Աշակերտներս փռթկացնում, ծիծաղում ենք: Վարժապետը չիմացած բանի էությունը, սաստիկ բարկանում է և հրամայում Ռուբ բառը հոլովել: -Ուղղական` Ռուբ, սեռական` Ռբոյ, տրական…. — Վա′յ, ես ձեր… Աշտարակցու օրհնություններ` մեկս-մեկու հետևից թափում է ուսուցչի, նրան մեր գյուղը բերողի և աշակերտներիս հասցեին` ծերունի «Ռուբ» Ստեփան ափերը (հայրիկ, պատվանուն) և գավազանի հարվածներով մեզ և ուսուցչին դուրս է քշում, ձյունի երեսն անում: Շատ ուշ հասկացավ պարզամիտ վարժապետն յուր սխալը, բայց զուր, նա ոչինչ կերպիվ Ստեփանին չկարաց համոզել, թե ինքն անգիտությամբ իբրև օտարական, չի հասկացել անպատվաբեր բառի ծաղրական լինելը: Գանք մեր պատմության շարունակությանը: Չեմ հիշում` առաջիկա՞, թե երկրորդ տարու ամառը, հանկարծ մեր վարժապետը լեղապատառ ներս է ընկնում մեր բացօթյա ուսումնարանն ու գոռում. ուղղվեցե′ք, կարգի ընկե′ք, փայտի նման տեղներդ չորացե′ք, վայր թափեցե′ք, Երևանի թագավորական վարժարանի մեծն եկել է, հենց հիմի էստեղ կլինի, ձեզ հարցմունքներ կանի, վայ նրան, ով որ մի տառում սխալվել է, ճիպոտի տակին կմահացնեմ: Խեղճ Շապուհը տերևի պես դողում է, գույնը դեղին քրքումի (զաֆրան) է փոխվել, ատամներն իրար են դիպչում: