Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Ես կարողանում եմ, Ընթերցարան, Կարդում ենք

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,

Պայտերը խփում են, խփում են հողին.-

Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,

Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,

Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-

Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Реклама
Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Ես կարողանում եմ, Ընթերցարան, Կարդում ենք, Uncategorized

ՏՐԻՈԼԵՏ ԻՆՏԻՄ

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

 

 

Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Ես կարողանում եմ, Ընթերցարան, Կարդում ենք

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

 

Ես Չարենցի բանաստեղծություններից սիրում եմ սա, քանի որ այստեղ ասում է

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Ես կարողանում եմ, Կարդում ենք, Uncategorized

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

 

 

անուշ-որակական

արևահամ-որակական

հին-որակական

ողբանվագ-հարաբերական

լացակումած-հարաբերական

Արնանման-հարաբերական

վառման-որակական

նաիրյան-հարաբերական

հեզաճկուն-հարաբերական

մուգ-որակական

ջինջ-որակական

լուսե-որակական

վիշապաձայն-հարաբերական

մթում-որակական

անհյուրընկալ-հարաբերական

սև-որակական

հնամյա-որակական

հազարամյա-հարաբերական

ողբաձայն-հարաբերական

երկաթագիր-հարաբերական

սուր-որակական

արյունաքամ-հարաբերական

որբ-որակական

արնավառ-հարաբերական

կարոտած-որակական

ուրիշ-որակական

լուսապսակ-որակական

անհաս-որակական

Рубрика: Հովհաննես Թումանյան, Մայրենի 2016 2017, Ընթերցարան, Կարդում ենք

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

 

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննըկուն,

 

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

II
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

III
Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

 

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,

Որ չես կարենում էսքան ժամանակ։

IV
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

 

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին։

V
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――
Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,

Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VI
Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,

Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

 

    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման…

Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել․
Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII
Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,

Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,

Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

 

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը

Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,

Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,

Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

 

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը

Մըրափում են խավարում։

VIII
Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,

Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ

Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

 

IX
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր

Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են

Դարպասները երկաթի…

X
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

 

Նըստած է Շահը․ նըրա առաջին

Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XI
Դահիճն եկավ ոտից գըլուխ

Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

 

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,

Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ

Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Рубрика: Հովհաննես Թումանյան, Մայրենի 2016 2017, Ես կարողանում եմ, Ընթերցարան, Կարդում ենք

Ա՜Խ, Ի՜ՆՉ ԼԱՎ Է ՍԱՐԻ ՎՐԱ

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:Հիմնավորիր պատասխանդ:

Իմ կարծիքով բանաստեղծության մեջ նկարագրված է գարուն եղանակը, քանի որ վարդը բացվում է գարնանը:

  1. Դուրս գրիր բնության պատկերները:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

  1. Բացատրիր հետևյալ պատկերը.

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդ է թափում սարին, քարին:

Գարնանային թարմ, անուշահոտ, բուրմունքով լի առավոտ, ուր ամենուր վարդ ու ծաղիկ է ծաղկում, և իրենց բույրը տարածում են երկնքով մեկ:

4. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ զգացմո՞ւնքը, թե՞ մտածմունքը:

Բանաստեղծության մեջ ավելի շատ զգացմունքն է:

5. Դուրս գրիր 5 գոյական`

Սարի-գոյական,իր, հասարակ, եզակի թիվ, սեռական  հոլով, անորոշ առում:

Աղջիկն-գոյական, անձ, հասարակ, եզակի թիվ, որոշյալ առում, սեռական հոլով:

Ծաղիկ-գոյական, իր, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ առում:

Օրերն-գոյական, իր, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ:

Ամպ- գոյական, իր, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ:

նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը: /օրինակ` շվին- գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ առում/

Рубрика: Մայրենի 2016 2017, Վահան Տերյան, Կարդում ենք

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ, հրեղեն խաղ, պայծառ աչքեր:

քնքշաբույր ծաղիկներ- նուրբ ծաղիկ

հրեղեն խաղ-կրակոտ խաղ

պայծառ ածքեր- լուսավոր աչքեր

 

  1. Պատմիր բանաստեղծական գարնան մասին:

 

  1. Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն- ողջունել , գույն-գունավորել, բույր-բուրել: Ինչ փոփոխություն /հնչյունափոխություն/ նկատեցիր:

Բառերը գոյականից դարձան բայ յ տառը սղմվեց և դարձավ ու: