Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Uncategorized

Կանաչ դաշտի բայեր

Ունկնդրում էին-երրորդ դեմք,հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

դավաճանում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

վախենում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Նայում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Կցատկի-երրորդ դեմք, եզակի թիվ, ապառնի ժամանակ

Реклама
Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Uncategorized

Կանաչ դաշտը

2. Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման:

11. Իմ կարծիքով պատմվածքի մեջ ավելի շատ շարժումներն են, որովհետև երբ նրանք վիճում էին ավելի շատ շարժումներն են  իսկ գույներից միայն կանաչն է ամենաշատը:

Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Ես կարողանում եմ

Կանաչ դաշտը

բախվեց-սահմանական եղանակ, անցյալ ժամանակ, երրորդ դեմք, եզակի թիվ:

շպրտվեց-սահմանական եղանակ, անցյալ ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք:

կարողացավ-երրորդ դեմք, սահմանական եղանակ անցյալ ժամանակ, եզակի թիվ

թաղվում էին-սահմանական եղանակ, անցյալ ժամանակ, երրորդ դեմք, հոգնակի թիվ

լինում է-սահմանական եղանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, ներկա ժամանակ

ձգում է-սահմանական եղանակ, ներկա ժամանակ, եզակի  թիվ, երրորդ դեմք

թաղում է-սահմանական եղանակ, ներկա ժամանակ, եզակի  թիվ, երրորդ դեմք

փրկում է -սահմանական եղանակ, ներկա ժամանակ, եզակի  թիվ, երրորդ դեմք

Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Uncategorized

Կանաչ դաշտը

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր: Բաշը և պոչը սև էին: Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում: Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից: Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր:
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր: Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով: Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց: Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ-տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու:
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան:
Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ:
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում: Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել: Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը: Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները: Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը: Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները: Հովտում, համենայն դեպս, վտանգ կար: Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել:
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ: Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում:
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը:
Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին: Ժայռը նիրհում էր: Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր: Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրույթից դողում էր: Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել: Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ:
Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը: Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը: Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում: Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը: Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին:
Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու երկար ցատկով զատվեց գայլը:
Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը: Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան:
Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց: Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: Տապալվեց ու ելավ միանգամից: Նրան տապալել էին իր հուժկու թափն ու պարանը: Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ:
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր: Իսկ պարանը խեղդում էր մորը: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց:
Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սևադունչ Թոփուշ շունը:
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:
Բլուրների մյուս երեսին լսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը: Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին:
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ: Ձին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց: Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից, և ձին շուռ եկավ:
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ: Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը: Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ: Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել: Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով: Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին: Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր: Գայլը նետվեց միանգամից: Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ:
Արդեն երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով: Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում: Հոգնածությունից նրանք խլացել էին:
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին… բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:
— Այ տղա, հե՜յ,- կանչեցին դիմացի բլուրներից,- էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ… շներն ո՞ւր են, հե՜յ…
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց: Գամփռ շները սրվեցին ու նայեցին: Գամփռ շները տեսան ու թռան… Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր. այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի: Բողարը հիմա գնում էր հաչելով: Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ առաջ էր անցնում և դարձյալ դանդաղում:
Երբ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:
Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգների ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս: Պառավ ձին գիտեր, որ շները մոտիկ են, և շների հաչոցը հեռավոր է թվում իր հոգնած խլության պատճառով: Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել: Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը:
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ… Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները: Թաթը բռնել էին: Թաթն ազատելու ուժ չկար: Գայլն ուզում էր քնե՜լ, քնել: Կռվելու ուժ չկար, գայլն ուզում էր մեռնել, հանգստանալ: Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն: Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ նա բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:
Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց: Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին: Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը: Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու, և շները չգիտեին ինչ են անելու: Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին: Գայլը հազիվ կարողացավ չընկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է:
— Այ տղա, հե՜յ… Էդ ո՞վ ես, հե՜յ… հասիր էն շներին օգնիր, հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՜յ…- կանչեցին դիմացի բլուրներից:
Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ: Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով:
Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել: Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ առ քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր:
Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը, և գայլը չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը: Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին:
Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը:
Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը: Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ: Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր: Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը:
Սև այդ շրջանակը այդպես սև էլ մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ: Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է:
Երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ: Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով:
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը:
— Վերջացա՞վ:
— Վերջացավ:
— Ոչ:
— Ինչո՞ւ ոչ:
— Ձի մայրիկը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ: Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին: Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ «Այ տղա, հե՜յ», այդ հովիվը երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին:
— Հետո, ինչպե՞ս պահեցին:
— Մի ուրիշ ձիու կաթով:
— Ոչ, մայրը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով:
— Ասե՞մ թող ինչ լինի:
— Ասա:
— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի:
— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ:
— Ձին ինչո՞ւ մեռավ:
— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց, և զզվանքից ու կատաղությունից:
— Գայլի՞ց էր զզվել:
— Այո, գայլից:
— Շները գայլին թող խեղդեն:
— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևադունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի:
— Փոքրիկ հովիվը դո՞ւ էիր:
— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր:
— Հիմա քուռակը մեծացե՞լ է, կապա՞ծ է կանաչ հովտում:
— Այո, մեծացել է, կապած է կանաչ հովտում:
— Իր կարմիր մայրիկին հիշո՞ւմ է:
— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում են:
— Դե նորից պատմիր:
— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին «մտրուկ» են ասում… այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…

Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Uncategorized

Հրանտ Մաթևոսյան Հացը

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք ղեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե սոսկերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույ-սը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փա¬թեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թոավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիըքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծաոի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դան-դաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թոցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:

Հայրը նրան հանգիստ բացատրելով թե խոզերը կորել են նա հասկանում էր հորը բայց նա ալարում էր  որովհետև շատ ծույլ էր:

2.  Գտիր հակադրություններ՝  ա. շան ազնվության և տղայի անազնվության միջև, բ. տան հարմարավետության և անտառում եղած դժվարությունների միջև, գ. բնության գեղեցկության և մարդու արարքի տգեղության միջև, դ. ավագների աշխատասիրության և տղայի ծուլության միջև:

 

Շունը մարդուն հասկացող և ազնիվ կատարող մարդ էր իսկ տղան ոչ ճիշտ ազնիվ, որոհետև նա խոսք տվեց թե նա կգնա խոզերին փնտրելու բայց նա չգնաց խոզերին փնտրելու:

 

Անտառում նրանք չէին կարող ապրել, որովհետև նրանք ուտելու բան չէին ունենա:

 

Բնությունը ոչ մի բան չի կարող  աղտոտել, որովհետև նա միշտ պետք է մաքուր լինի իսկ մարդու տգեղ արարքի միջև կարող է մի վատ բան լինել և բնությունը կաղտոտվի:

 

Տղան շատ  ծույլ էր, որովհետև ալարում էր ամեն ինչի իսկ մրջյունի պես աշխատասերը կաշխատի  և ծույլ չի դառնա:

 

  1. Ինչո՞վ է կարևոր շան կերպարը պատմվածքում:

4. Բնութագրիր տղային՝ արդարացնելով և մեղադրելով:

Ես տղային ոչ մի կերպով չեմ կարող արդարացնել, որովհետև նա իր խոստումի տերը չեղավ  իսկ մեղադրելով ես հասկացա, որ նա վերջում իր սխալը հասկացավ և հուսով եմ այդպես էլ նա չի անի:

 

  1. Ինչո՞ւ է վերնագրված Հացը:

Որովհետև ամեն մարդ կերավ իր հացը

  1. Ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը:

Պատմվածքի վերջին ասելիքը քո արածը ջուրը ընկավ

© 1958 — 2016, Հրանտ Մաթևոսյան