Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մարտի 15-ին Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբերով հասարակագիտական ստուգատեսի շրջանակում իրականացրինք արտագնա պարապմունք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում․․․
«Մեծամոր» հնագույն արգելոց-թանգարանը համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:
Թանգարանում հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Թանգարանի առաջին հարկում էքսկուրսավարը մանրամասն ներկայացրեց և բացատրեց այն ցուցադրությունները՝ հիմնականում խեցեղեններ, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Այդտեղ նաև մեզ ներկայացրեց Ալֆրեդին՝ հնագույն մարդուն, որը տղամարդու կմախք էր՝ 3,5-4 հազար տարվա վաղեմությամբ։ Քանի որ հնավայրում կմախքներ շատ են հայտնաբերվել, ուստի հնագետները կմախքներին տալիս էին անուններ, ինչպես Ալֆրեդին։

Երկրորդ հարկում ներկայացված էին Մեծամորի հնագույն արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկն ամենատպավորիչն էր, չէի սպասում, որ Հայաստանի թանգարաններից մեկում նման կերպ է ներկայացված Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքները: Բացի հիանալի սենյակից և եզակի նմուշներից, դիտեցինք նաև կարճատև ֆիլմ՝ «Մեծամորի գանձերը», որում հակիրճ ներկայացված էր այն եզակի արժեքները, որոնք տարբեր ժամանակներում հայտնաբերվել են Մեծամորի տարածքում։ 
Թանգարանը լավագույնս ուսումնասիրելուց հետո էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջեցինք նաև հարակից հնավայրում, որտեղ որոշ բաներ պահպանվել էին՝ աստղադիտարանը, միջնաբերդը, կացարանների հետքեր, քարե քարտեզ և այլ հետքեր։

Թանգարանից ուղևորվեցինք դեպի «Զվարթնոց» տաճար, որը միջնադարի շքեղ կառույցներից է։ Ի տարբերություն Մեծամորի, տաճարում և թանգարանում փոքրիկ շրջայց իրականացրինք, որով էլ ավարտեցինք մեր հերթական հետաքրքիր արտագնա պարապմունքը։

Leave a comment