Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

 Արշակունիների «Աղձք» դամբարանը. նախապատրաստական աշխատանք

Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատունը 4-րդ դարի կառույց է և գտնվում է Արագածոտնի մարզում՝ Աշտարակի շրջանի Աղձք գյուղում: Չնայած այն ընդունված է անվանել դամբարան, ինչը հեթանոսությանը բնորոշ տերմին է, սակայն այնտեղ են ամփոփված նաև քրիստոնյա Արշակունիները: Այս հանգամանքը կարևոր է, քանի որ այն ուղղակիորեն անդրադարձել և իր ազդեցությունն է ունեցել  դամբարան-գերեզմանատան ճարտարապետական և հորինվածքային լուծումների վրա:

Պատմիչ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ շատ հանգամանալիորեն ներկայացրել է Արշակունիների գահակալման ընթացքը՝ հատկապես 4-րդ դարի ներքին և արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակը` Արշակ Երկրորդի (350-368թթ.), Պապ թագավորի (370-374թթ.) գահակալման տարիները, հայ-պարսկական հարաբերությունները: 

Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատունը վաղմիջնադարյան համալիր է՝ բաղկացած դամբարանից, նրան հյուսիսից հարող եռանավ բազիլիկ եկեղեցուց և հարավային կողմում բացված երեք հուշասյուներից: Դամբարանն արժանացել է մի քանի խմբերի ուսումնասիրություններին: Առաջին անգամ պեղումներ կատարվել են 1973-1974թթ., պեղումների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2001թ-ին, իսկ երրորդ փուլը՝ 2015-2018թթ.:

Աղձքի արքայական դամբարանը, որպես միջնադարի հնագույն կառույց, ժամանակին իր վրա է բևեռել մի շարք նշանավոր հայագետների` Թ. Թորամանյանի, Ն. Տոկարսկու, Բ. Առաքելյանի, Ա. Սահինյանի, Մ. Հասրաթյանի և այլոց ուշադրությունը: Սակայն բազմաթիվ հարցեր դեռևս չեն ստացել իրենց մեկնաբանությունը, իսկ նույն խնդրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ:

Leave a comment